Top Ad unit 728 × 90

Երկրաշարժ


Երկրաշարժի օջախը (հիպոկենտրոն) կարող է գտնվել տարբեր խորություններում, իսկ վերնակենտրոնում (էպիկենտրոն) տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները:





Երկրաշարժ է առաջանում, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարաշերտերի տեղաշարժ:
Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել փլատակների կույտի: Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճեղքեր (1891 թ-ի հոկտեմբերի 28-ի երկրաշարժի հետևանքով Ճապոնիայի Հոնսյու կղզում առաջացել է 160 կմ երկարությամբ ճեղք), տեղի են ունենում փլուզումներ, փլվածքներ, փոխվում են գետերի հուները, գոյանում նոր ջրվեժներ ու լճեր (1911 թ-ին Պամիրում լեռնալանջի փլուզումից փակվել է Մուրղաբ գետի հունը, և առաջացել է Սարեզյան լիճը):
Երկրի խորքում այն տեղը, որտեղ ապարաշերտերը կտրուկ տեղաշարժվում են, կոչվում է երկրաշարժի օջախ կամ հիպոկենտրոն և կարող է գտնվել տարբեր խորություններում:
Երկրի մակերևույթի այն տեղը, որը գտնվում է երկրաշարժի օջախի վերեվում և ամենամոտն է նրան, կոչվում է էպիկենտրոն կամ վերնակենտրոն: Այդտեղ էլ տեղի են ունենում ամենամեծ ավերածությունները: Երկրաշարժի ուժգնությունը գնահատվում է 1–12 բալլային սանդղակով: 1–2 բալլ ուժգնության երկրաշարժը մարդիկ չեն զգում, դրանք գրանցվում են շատ զգայուն հատուկ սարքերով՝ երկրաշարժագրիչներով (սեյսմոգրաֆներով, հունարեն «սեյսմոս»՝ երկրաշարժ, «գրաֆ»՝ գրում եմ բառերից): Ամենաուժեղ երկրաշարժերն ունենում են 10–12 բալլ ուժգնություն և կոչվում են աղետաբեր: Դրանցից են, օրինակ, Տոկիոյի (1923 թ.), Չիլիի (1960 թ.), Տաշքենդի (1966 թ.), Չինաստանի (1976 թ.), Մեխիկոյի (1985 թ.), Սպիտակի (1988 թ.), Ճապոնիայի (1993 թ.), Ինդոնեզիայի (1994 թ.) երկրաշարժերը:
Երկրագնդի որոշ տեղամասերում երկրաշարժերը հաճախակի են և ուժգին, իսկ մյուսներում՝ հազվադեպ և թույլ: Դա պայմանավորված է երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի ու զարգացման առանձնահատկություններով: Յուրաքանչյուր օր Երկրագնդի վրա տեղի է ունենում տարբեր ուժգնության ավելի քան 250, իսկ 1 տարում՝ մոտ 100 հզ. երկրաշարժ: Երկրագնդի վրա կան 2 գլխավոր գոտիներ, որտեղ երկրաշարժերն առավել հաճախակի են՝ Խաղաղօվկիանոսյան (Խաղաղ օվկիանոսը օղակող տարածքը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 60%-ը) և Ալպ-Հիմալայան (Եվրոպայի հարավը, Անատոլիան, Կովկասը, Իրանական բարձրավանդակը, Հիմալայները, Հնդկաչինը, Մալայան կղզեխումբը, որտեղ տեղի է ունենում երկրաշարժերի մոտ 20%-ը): Երկրաշարժերի մնացած մասը տեղի է ունենում  խզվածքային (ռիֆտային) գոտիների տարածքներում (Արևելյան Աֆրիկա, Կարմիր ծով, Կալիֆոռնիա, Բայկալ և այլն), Տյան Շանում և Արևելյան Անդրբայկալում:
Երկրաշարժեր լինում են նաև ծովերի ու օվկիանոսների հատակում: Ստորջրյա երկրաշարժերից առաջանում են կործանիչ ալիքներ՝ ցունամիներ, որոնց բարձրությունը հասնում է 35 մ-ի, իսկ տարածման արագությունը կազմում է ժամում 800 կմ: Չիլիի երկրաշարժի ժամանակ ցունամիի ալիքները կտրել են 15 հզ. կմ ճանապարհ ու Չիլիի ափերից հասել մինչև Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի ծովեզերք:
Հայկական լեռնաշխարհը երկրագնդի առավել երկրաշարժային մարզերից է: Այդ տարածքում կործանիչ երկրաշարժի մասին առաջին վկայությանը հանդիպում ենք Մովսես Խորենացու «Պատմություն հայոց» աշխատության մեջ, որտեղ նշված է, որ այն տեղի է ունեցել դեռևս մ.թ.ա. 550 թ-ին: Խորենացին պատմում է, որ այդ ժամանակ Արարատ լեռան վրա տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով հյուսիսարևմտյան լեռնալանջին գոյացավ հսկա (10 կմ երկարությամբ և 1 կմ լայնությամբ) մի խոռոչ: Այդ խոռոչն այժմ էլ լավ տեսանելի է մեծ հեռավորությունից, նաև` Երևանից:
Ուժգին երկրաշարժերը հնուց ի վեր հաճախ են կրկնվել Երզնկայի, Բասենի, Էրզրումի, Մշո, Արարատյան, Շիրակի դաշտերի, Կարսի սարահարթի, Ախալքալաքի բարձրավանդակի, Սյունիքի, Արճեշ-Խլաթի տարածքներում՝ ավերել քաղաքներ ու գյուղեր և խլել հազարավոր մարդկանց կյանքեր: Բազմաթիվ անգամներ ավերվել է Անին (հատկապես 1045, 1132 և 1319 թթ-ին), 893 թ-ի երկրաշարժից կործանվել է Դվինը, 1679 թ-ին ավերվել է Գառնիի տաճարը: 1840 թ-ի Արարատյան երկրաշարժի ժամանակ Արարատ լեռից պոկվել է հսկայական մի լեռնազանգված և փլուզվել Ակոռի գյուղի վրա, իսկ ցնցումներն զգացվել են ողջ Փոքր Կովկասում: Մեծ վնասներ են պատճառել Զանգեզուրում 1308, 1931 (քանդվել է Տաթևի վանքը) և 1968 թթ-ին տեղի ունեցած երկրաշարժերը:  1926 թ-ի Գյումրիի երկրաշարժից ավերվել է 44 բնակավայր: Թվարկված երկրաշարժերի ուժգնությունը կազմել է 8–9, երբեմն՝ ավելի բալլ
Նալբանդ (այժմ՝ Շիրակամուտ) գյուղը 1988 թ-ի 
դեկտեմբերի 7-ի 
Սպիտակի երկրաշարժից հետո
1988 թ-ի դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11-ն անց 41 րոպեին ամբողջ Հայաստանը ցնցեց ահավոր երկրաշարժը, որի վերնակենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում (այստեղից էլ՝ Սպիտակի երկրաշարժ անվանումը): Երկրաշարժը, որի ուժգնությունը վերնակենտրոնում գերազանցել է 10 բալլը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր, ուժեղագույնն էր ՀՀ տարածքում երբևիցե տեղի ունեցած երկրաշարժերից և ամենաուժգիններից՝ Հայկական լեռնաշխարում:
Աղետը վայրկյանների ընթացքում հիմնահատակ կործանեց Սպիտակը, ավերեց Գյումրին, Վանաձորը և Ստեփանավանը, մեծ վնասներ հասցրեց Դիլիջանին, Իջևանին, Ալավերդուն, Արթիկին, Ախուրյանին և այլ քաղաքների ու ավանների, ավերեց ավելի քան 350 գյուղ: Աղետի զոհ դարձավ շուրջ 25 հզ. մարդ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Քանդվեցին կամ վթարային վիճակում հայտնվեցին շենքեր ու շինություններ Երևանում և նույնիսկ Թբիլիսիում:
Երկրաշարժն ընդգրկեց գրեթե ամբողջ Կովկասը՝ արևմուտքից արևելք (Սև ծովից մինչև Կասպից ծով) և հյուսիսից հարավ (Մախաչկալա և Նալչիկ քաղաքներից մինչև Թուրքիայի և Իրանի սահմանները) հսկայական մի տարածք:
Երկրաշարժի ավերիչ ուժից պաշտպանվելու նպատակով մարդիկ սովորում են կանխագուշակել երկրաշարժերը: Երկրաշարժագետները զբաղվում են երկրաշարժերի գրանցման, դրանց հաճախության ու հզորության ուսումնասիրման խնդիրներով: Նրանք ստացած տվյալներով ձգտում են կանխագուշակել երկրաշարժերի հավանական տեղն ու ուժգնությունը, խորհուրդներ տալիս երկրաշարժակայուն շենքեր ու շինություններ նախագծելիս: ՀՀ-ում այդ աշխատանքները համակարգվում են ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտական երկրաշարժաբանության, Երկրաբանական գիտությունների ինստիտուտներում և Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում:



Իսկ երկրաշարժեր ոնց է ալիք շարժում՝ օրինակ (Video 1,2,3)


(1) 


(2)


(3)




Երկրաշարժ Reviewed by Zhora aslanyan on April 10, 2017 Rating: 5

No comments:

All Rights Reserved by Ժորա Ասլանյանի բլոգ․ © 2014 - 2015
Powered by Themes24x7

Contact Form

Name

Email *

Message *

Theme images by sebastian-julian. Powered by Blogger.