Հայրենական մեծ պատերազմ
Հայրենական մեծ պատերազմ
Հայրենական մեծ պատերազմ (ռուս.՝ Великая
Отечественная война), 1941-1945 թվականներին Խորհրդային Միության կողմից Նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա) դեմ մղած պատերազմը, որը կազմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասը։ Այս եզրը հիմնականում օգտագործվում է նախկին Խորհրդային Միության երկրներում։ Գերմանիայում օգտագործվում են Արևելյան ֆրոնտ (die
Ostfront), Արևելյան արշավանք (der Ostfeldzug), Ռուսական արշավանք (der
Rußlandfeldzug) և Գերմանա-խորհրդային պատերազմ տարբերակները։
Պատերազմի հիմնական շարժառիթ է հանդիսացել է Գերմանիայի կողմից Եվրոպայում նացիոնալ-սոցիալիզմի տարածումը:
Անվանում
«Հայրենական մեծ պատերազմ» անվանումը սկսեց գործածվել ԽՍՀՄ-ում Ստալինի ժողովրդին ուղղված ռադիոուղերձից հետո՝ 1941 թվականի հուլիսի 3-ին։ Ուղերձում «մեծ» և «հայրենական» բառերը գործածվում էին առանձին։
1914-1915 թվականներին «Մեծ Հայրենական պատերազմ» անվանումը երբեմն կիրառվում էր Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող ոչ պաշտոնական հրապարակումներում։ Առաջին անգամ այս բառակապակցությունը կիրառվեց ԽՍՀՄ-ի Գերմանիայի հետ պատերազմի առիթով «Պրավդա» թերթի 1941 թվականի հունիսի 23-ի և 24-ի հոդվածներում և սկզբից ընկալվում էր ոչ թե որպես տերմին, այլ որպես թերթային կլիշե, նման այլ՝ «սրբազան ժողովրդական պատերազմ», «հաղթական հայրենական պատերազմ» բառակապակցությունների հետ միասին։ «Հայրենական պատերազմ» տերմինը ամրագրվեց 1942 թվականի մայիսի 20-ի ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության Հրամանագրով սահմանված Հայրենական պատերազմի զինվորական ուխտով։ Անվանումը պահպանվում է հետխորհրդային պետություններում (ուկր.՝ Велика
Вітчизняна війна, բելառուս․՝ Вялікая Айчынная вайна, աբխազերեն՝ Аџьынџьтәылатәи
Еибашьра և այլն)։ ԽՍՀՄ կազմում չգտնված երկրներում, որտեղ ռուսերենը չի հանդիսանում հիմնական շփման լեզու, «Հայրենական մեծ պատերազմ» անվանումը գործնականում չի կիրառվում։ Անգլալեզու երկրներում նրան փոխարինում է Eastern Front (World War II) ((Երկրորդ համաշխարհային պատերազմի) արևելյան ճակատ), գերմանական պատմագիտության մեջ՝
Deutsch-Sowjetischer Krieg, Russlandfeldzug, Ostfeldzug (գերմանա-խորհրդային պատերազմ, ռուսական արշավ, արևելյան արշավ)։
Վերջին ժամանակներում ռուսական զանգվածային մշակույթում Հայրենական մեծ պատերազմը հիշատակելու համար պարբերաբար գործածվում է «Մեծ պատերազմ» բառակապակցությունը, որը պատմականորեն այնքան էլ կոռեկտ չէ. 1910-ականների վերջերին այդ տերմինը գործածվում էր Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ։ Հանդիպում են անվանումների նաև այլ տարբերակներ. օրինակ՝ խորհրդա-նացիստական պատերազմ (1941-1945)։ Թուրքմենստանում արգելված է պատերազմն անվանել «Մեծ Հայրենական». գործածվում է «1941-1945 թվականների պատերազմ» անվանումը։
Պատերազմի մասնակիցների ուժեր
Գերմանական իմպերիալիզմը երկար ժամանակ պատրաստվում էր հարձակվել ԽՍՀՄ-ի վրա․ այդ նախապատրաստությունը առավել ուժեղացավ ֆաշիզմի իշխանության գլուխ անցնելով։ Ֆաշիստական Գերմանիան ստեղծեց հսկայական ռազմա-տնտեսական պոտենցիալ․ 1934-40 թվականներին ռազմական արտադրությունն ավելացավ 22 անգամ, զինված ուժերը՝ 35 անգամ՝ 105 հազարից մինչև 3,755 հազար մարդ։ 1941 թվականի կեսին Գերմանիայի զինված ուժերի ընդհանուր թիվը շուրջ 7,3 մլն մարդ էր (բացի այդ կար ավելի քան 1,2 մլն ազատ-վարձու), ցամաքային զորքերը կազմում էին 214 դիվիզիա և 7 առանձին բրիգադ։ Գործող բանակում կար 5639 տանկ և գրոհիչ հրանոթ, ավելի քան 6500 ինքնաթիռ, 61 հազարից ավելի հրանոթ և ականանետ։ Ռազմածովային ուժերում հաշվվում էր 5 գծանավ, 4 ծանր և 4 թեթև հածանավ, 43 ականակիր, 161 սուզանավ և այլն։ ԽՍՀՄ-ի դեմ պատերազմի ծրագիրը նախատեսում էր հանկարծակի, հզոր արագաշարժ խմբավորումներով ճեղքել ու ոչնչացնել արևմուտքում կենտրոնացած խորհրդային բանակի գլխավոր ուժերը և սրընթաց խորանալ երկրի ներսը, 9-17 շաբաթվա ընթացքում ոչնչացնել խորհրդային բանակի հիմնական մասը։
Ծրագրի իրականացման համար գերմանական հրամանատարությունը առանձնացրեց 190 դիվիզիա։ Ռազմական բոլոր ուժերը տեղաբաշխվեցին ստրատեգիական երեք ուղղություններով։ «Հյուսիս» բանակախումբը (29 դիվիզիա) պետք է գրավեր Մերձբալթիկան և Բալթիկ ծովի նավահանգիստները, «Կենտրոն» բանակախումբը (50 դիվիզիա)՝ Բելոռուսիան և զարգացներ հարձակումը Մոսկվայի վրա, «Հարավ» բանակախմբի (57 դիվիզիա և 13 բրիգադ) խնդիրն էր գրավել Աջափնյա Ուկրաինան, դուրս գալ Դնեպր և զարգացնել հարձակումը դեպի արևելք։ Գերմանական ցամաքային զորքերի պահեստում գտնվում էր 24 դիվիզիա։
1941 թվականի հունիսին խորհրդային զինված ուժերը կազմում էին 5․373 հազար մարդ, ցամաքային զորքերում կար 303 դիվիզիա (որի քառորդ մասը գտնվում էր կազմավորման կամ վերակազմավորման վիճակում)։ Ռազմածովային նավատորմում կար 3 գծանավ, 7 հածանավ, 54 էսկադրային ականակիր, 212 սուզանավ։ Բանակի հրամկազմը օժտված էր բարձր բարոյաքաղաքական և մարտական ունակությամբ։ Պատերազմի սկզբին բանակում հաշվվում էր 563,5 հազար մարդ։ Արևմտյան սահմանային ռազմական օկրուգներում գտնվում էր 170 դիվիզիա և 2 բրիգադ, ընդամենը 2․680 հազար մարդ։ Որոշ ուղղություններում թշնամին խորհրդային զորքերին գերազանցում էր 3-4 անգամ։ Սակայն երկրի պաշտպանության ամրապնդման ուղղությամբ նյութատեխնիկական և կազմակերպական ոչ բոլոր միջոցառումներն էին հաջողվել իրականացնել մինչև պատերազմի սկիզբը։ Իր դերը խաղաց նաև թշնամու հնարավոր հարձակման ժամկետների վերաբերյալ հաշվեսխալը։ Արևմտյան սահմանի զորքերը հարձակման սկզբին մարտական պատրաստության մեջ չէին։ Ծայրահեղ անբարենպաստ պայմաններում խորհրդային զորքերը պատերազմի մեջ մտան փորձված և ուժեղ թշնամու դեմ։
Առաջին շրջան (1941 թվականի հունիսի
22 - 1942 թվականի նոյեմբերի 18)
1941 թվականի հունիսի
22-ի լուսաբացին գերմանաֆաշիստական զորքերը, խախտելով 1939 թվականին կնքված
միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, ներխուժեցին խորհրդային երկրի
սահմանները։ Խորհրդային ժողովուրդը և նրա զինված ուժերը մահացու գոտեմարտի
բռնվեցին ֆաշիստական Գերմանիայի և նրա արբանյակների հետ։ Սկսվեց Խորհրդային
Միության Հայրենական մեծ պատերազմը։ Հունիսի 22-ին ԽՍՀՄ Գերագույն սովետի
Նախագահությունը հայտարարեց զինապարտների (1905-18 թվականներին ծնվածների)
զորահավաք։ Զինվորական օկրուգների հիման վրա ստեղծվեցին Հյուսիսային, Հյուիսարևմտյան,
Արևմտյան, Հարավարևմտյան և Հարավային ռազմաճակատները։ Ծովային սահմանները
ապահովում էին Հյուսիսային, Կարմրադրոշ Բալթիական, Սևծովյան, Խաղաղօվկիանոսյան
նավատորմերը։ Առաջինը թշնամու հարվածներին ենթարկվեցին սահմանապահ զորքերը, որոնք
ցուցաբերեցին բացառիկ արիություն, խիզախություն և անձնազոհություն։ Փառքով
պսակեցին իրենց անունները Բրեստ
ամրոցի պաշտպանները։ Սակայն կասեցնել գերմանական հրոսակախմբերին չհաջողվեց։ Երեք
շաբաթվա ընթացքում թշնամին խորացավ երկրի ներսը 300-600 կմ, գրավեց Լատվիան, Լիտվան, Ուկրաինայի, Բելոռուսիայի և Մոլդավիայի զգալի մասը, դուրս եկավ Լենինգրադի հեռավոր մատույցներ, սպառնաց Սմոլենսկին և Կիևին։
Խորհրդային բանակը կրեց մեծ կորուստներ, ուժերի հարաբերակցությունն առավել ևս
փոխվեց հօգուտ հակառակորդի։
1941 թվականի հունիսի
29-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ և ԽՍՀՄ ժողկոմխորհը հրապարակեցին դիրեկտիվ, որի հիմնական
դրույթները զարգացվեցին ՀամԿ(բ)Կ ԿԿ քարտուղար և ԽՍՀՄ ԺԿԽ նախագահ Իոսիֆ Ստալինի ռադիոելույթում (1941 թվականի հուլիսի
3)։ Դիրեկտիվը դարձավ գերմանաֆաշիստական զավթիչների դեմ խորհրդային ժողովրդի
պայքարի ծրագիր։ 1941 թվականի հունիսի 30-ին ստեղծվեց Պաշտպանության պետական
կոմիտե Ի․ Վ․ Ստալինի նախագահությամբ, 1941 թվականի հուլիսի 10-ին՝
Գերագույն հրամանատարության ռազմակայան (կազմվել էր հունիսի 23-ին որպես գլխավոր
հրամանատարության ռազմակայան Սեմյոն
Տիմոշենկոյի նախագահությամբ),
օգոստոսի 8-ից՝ Գերագույն Գլխավոր հրամանատարության ռազմակայան (ԳԳՀՌ)՝ Իոսիֆ
Մտալինի նախագահությամբ։ Հուլիսի
28-ին ստեղծվեց թիկունքի գլխավոր վարչությունը (պետ՝ գեներալ-լեյտենանտ Անդրեյ
Խրուլյով)։ Բանակում կուսակցական-քաղաքական աշխատանքն ուժեղացնելու նպատակով 1941
թվականի հուլիսին մտցվեց զինվորական կոմիսարների ինստիտուտը (հունիս-դեկտեմբերին
1100 հազար մարդ ուղարկվեց ճակատ)։ 1941 թվականի հուլիսի 18-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ
որոշում ընդունեց «Գերմանական զորքերի թիկունքում պայքար կազմակերպելու մասին»։
Հունիսի 24-ին կազմվեց էվակուացիայի խորհուրդ՝ Նիկոլայ
Շվերնիկի նախագահությամբ
(Արևելքում էվակուացվեց ավելի քան 1350 խոշոր ձեռնարկություն, նյութական արժեքներ
և մարդիկ)։ Ստեղծվեցին աշխարհազորի նոր զինվորական միավորումներ, մտցվեց
համընդհանուր ռազմական ուսուցում։ Կոմկուսի և խորհրդային կառավարության արտաքին
քաղաքականության ջանքերն ուղղված էին աշխարհի խաղաղասեր ժողովուրդների համախմբմանը
և հակահիտլերյան կոալիցիայի ստեղծմանը։ 1941 թվականի հուլիսին Գերմանիայի դեմ համատեղ
գործողությունների վերաբերյալ համաձայնագրեր կնքվեցին Մեծ Բրիտանիայի, Չեխոսլովակիայի, Լեհաստանի հետ, ԱՄՆ-ը
հայտարարեց պատերազմում ԽՍՀՄ-ին տնտեսական օգնություն ցույց տալու որոշման մասին։
Սկիզբ դրվեց հակահիտլերյան կոալիցիային։
1941 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ամբողջ
սովետա-գերմանական ճակատում ծավալվեցին հսկայական մասշտաբի մարտեր։ Ռազմական
գործողությունները հիմնականում ընթացան հյուսիս-արևմուտքում (Լենինգրադ),
արևմուտքում (Մոսկվա) և հարավ-արևմուտքում (Ուկրաինա) ուղղություններով։ Չնայած
խորհրդային զորքերի համառ դիմադրությանը՝ գերմանաֆաշիստական «Հյուսիս» բանակախմբին
հաջողվեց զավթել Էստոնիան ու մոտենալ Լենինգրադի մատույցներին։ Սկսվեց Լենինգրադի
աշխատավորների, բանակի և ՌԾՆ-ի անօրինակ պայքարը պաշարման դաժան պայմաններում։
Արևմտյան ուղղությամբ գերմանական «Կենտրոն» բանակախումբը հուլիսի 10-ին հարձակում սկսեց
Սմոլենսկի վրա, և հուլիսի 16-ին նրան հաջողվեց գրավել այն։ Սմոլենսկի
ճակատամարտում աչքի ընկած միավորումները առաջին անգամ Կարմիր բանակում արժանացան գվարդիական կոչման։ Օրշայի
մոտ առաջին անգամ օգտագործվեց հրթիռային «կատյուշա» ականանետը։ Լարված մարտեր էին մղում
խորհրդային զորքերը և հարավարևմտյան ուղղությամբ։ Հուլիսի կեսին հակառակորդին
հաջողվեց մոտենալ Կիևին։ Հերոսական դիմադրությունից հետո խորհրդային զորքերը
սեպտեմբերի 19-ին թողեցին Կիևը, հոկտեմբեր-նոյեմբերին՝ նաև Դոնբասի արևմտյան
շրջանները։ Թշնամին ներխուժեց Ղրիմ։
Սեպտեմբերի վերջին գերմանաֆաշիստական հրամանատարությունը վերսկսեց հարձակումը
Մոսկվայի ուղղությամբ («Թայֆուն» օպերացիա)՝ նպատակ ունենալով մինչև ձմեռ գրավել
Մոսկվան։ 1941 թվականի սեպտեմբերի 30-հոկտեմբերի 2-ին թշնամին անցավ հարձակման։
Սկսվեց Մոսկվայի ճակատամարտը (1941-1942), որը հանդիսացավ ոչ միայն
Մեծ հայրենականի, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմի կարևորագույն
իրադարձությունը։ Մոսկվայի պաշտպանական մարտերում (1941 թվականի
սեպտեմբեր-նոյեմբեր) խորհրդային զորքերը ցուցաբերեցին բացառիկ տոկունություն և
մասսայական հերոսականություն։ Պատմության մեջ առհավետ գրանցվեցին պանֆիլովականների
և հազարավոր այլ հերոսների անմահ սխրանքները։
Պատերազմի առաջին օրերից սկսվեց խորհրդային ժողովրդի
հերոսական պայքարը թշնամու թիկունքում։ Օկուպացված տարածքներում (ՌԽՖՍՀ մի շարք
մարզերում, Կարելա-Ֆիննական, Բելոռուսական, Ուկրաինական և Մոլդովական ԽՍՀ-ներում),
որտեղ զավթիչները հաստատեցին տեռորիստական վարչակարգ, ծավալվեց պարտիզանական շարժում։ Կուսակցությունը,
կառավարությունը և խորհրդային հրամանատարությունը կարողացան առավելագույն ուժեր և
միջոցներ կենտրոնացնել վճռական ուղղություններում և բարոյական տեսակետից զորքերը
նախապատրաստել պաշտպանությունից հարձակողական գործողությունների անցնելուն։
Դեկտեմբերի 5-6-ին Կալինինյան, Արևմտյան և Հարավարևմտյան
ռազմաճակատների զորքերն անցան հակահարձակման արևմտյան ուղղությամբ, որը Հայրենական
մեծ պատերազմում առաջին ստրատեգիական հարձակողական օպերացիան էր։ Մոսկվայի մոտ
հակահարձակման ընթացքում ջախջախվեց գերմանական «Կենտրոն» բանակախմբի հարվածային
խմբավորումը։ Գերմանաֆաշիստական զորքերի պարտությունը (առաջին խոշոր պարտությունը
երկրորդ համաշխարհային պատերազմում) Մոսկվայի մոտ ունեցավ հսկայական
ռազմաքաղաքական նշանակություն, խորհրդային զորքերը վերցրին ստրատեգիական
նախաձեռնությունը և հնարավորություն ստացան անցնելու ընդհանուր հարձակման, որի
շնորհիվ նրանք մոտ 400 կմ առաջ խաղացին դեպի արևմուտք։ Վերջնականապես փլուզվեց
«Կայծակնային պատերազմի» պլանը, ցրվեց գերմանական բանակի «անպարտելիության»
առասպելը։ Դրվեց բեկման սկիզբը պատերազմի ընթացքի մեջ։ Ձևավորվեց հակահիտլերյան
կոալիցիան, որի մեջ (1942 թվականի հունվարի
1-ին) հաշվվում էր 26 երկիր։ 1942 թվականի մայիսին ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև
ստորագրվեց պայմանագիր ընդդեմ Գերմանիայի և Եվրոպայում նրա դաշնակիցների դեմ
պատերազմում դաշինքի և պատերազմից հետո համագործակցության ու փոխադարձ օգնության
մասին, հունիսին՝ ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև կնքվեց փոխօգնության համաձայնագիր։
Օգտվելով Եվրոպայում երկրորդ ճակատի բացակայությունից
(պայմանավորված էր բացել 1942 թվականին), գերմանական հրամանատարությունը ուժերը
կենտրոնացրեց արևելյան ճակատում։ 1942 թվականի ամռանը վերստին վերցնելով
ստրատեգիական նախաձեռնությունը՝ գերմանաֆաշիստական զորքերը ծավալեցին խոշոր
հարձակողական գործողություններ սովետա-գերմանական ճակատի հարավային թևում՝ նպատակ
ունենալով դուրս գալ Կովկասի նավթային և Դոնի, Կուբանի ու Պովոլժիեի բերքառատ շրջանները։ 1942 թվականի
մայիսին թշնամին ճեղքեց խորհրդային զորքերի դիմադրությունը Կերչի թերակղզում։ Ծանր մարտերից հետո
խորհրդային զորքերը թողեցին Սևաստոպոլը։
Պարտություններ կրեցին նաև Խարկովի ուղղությամբ։ Ծանր կացություն ստեղծվեց
սովետա-գերմանական ճակատի հարավային թևում։ Հունիսի վերջին թշնամին ձեռնարկեց
ընդհանուր հարձակում։ Ստեղծվեց դեպի Վոլգա և Կովկաս ներխուժելու մեծ վտանգ։
Սկսվեցին ծանր հերոսական պաշտպանական մարտերը Ստալինգրադի (հուլիսի 17 - նոյեմբերի 18) և Կովկասի համար։
Նոյեմբերին Կովկասի ուղղությամբ թշնամին կանգնեցվեց։
Հնարավորություններ ստեղծվեցին խորհրդային զորքերի հակահարձակման համար։ Խորհրդային
հրամանատարությունը մայիս-սեպտեմբերին (1942) անցկացրեց մի քանի հարձակողական
օպերացիաներ հյուսիսարևմտյան, արևմտյան և Վորոնեժի ուղղություններով։
Ամբողջությամբ վերցրած պատերազմի առաջին փուլը շատ ծանր էր
խորհրդային ժողովրդի և նրա զինված ուժերի համար։ Գերմանիան զավթեց խորհրդային
տարածքի մի մաս, որտեղ մինչև պատերազմը բնակվում էր բնակչության 42 %-ը։
Սակայն ֆաշիստական Գերմանիան չհասավ իր նպատակին։ Ռազմաճակատում ցուցաբերած
հերոսական գործողությունների և թիկունքում աշխատանքային սխրանքների շնորհիվ
խորհրդային ժողովուրդը 1942 թվականի վերջին հնարավորություն ստեղծեց ֆաշիզմի դեմ
պայքարում հօգուտ իրեն արմատական բեկում մտցնելու համար։
Երկրորդ շրջան (1942 թվականի նոյեմբերի 18 - 1943 թվականի վերջ)
1942 թվականի նոյեմբերի 2-րդ կեսին դրությունը սովետա-գերմանական ճակատում մնում էր ծայրահեղ լարված։ ԽՍՀՄ-ը Գերմանիայի դեմ պատերազմը շարունակում էր միայնակ։ Երկրորդ ճակատը Արևմտյան Եվրոպայում բացված չէր։ Թշնամին արևելյան ճակատում կենտրոնացրեց ավելի քան 6,2 մլն մարդ։ Խորհրդային գործող բանակում և նավատորմում հաշվվում էր մոտ 6,6 մլն մարդ։ ԳԳՀՌ խնդիր դրեց
1942-1943 թվականների ձմռան ընթացքում ջախջախել թշնամուն սովետա-գերմանական ճակատի հարավային թևում և միաժամանակ բարելավել Մոսկվայի և Լենինգրադի ստրատեգիական դրությունը։ Նախատեսվում էր սկզբում ջախջախել թշնամու հիմնական խմբավորումը Ստալինգրադի մոտ և պայմաններ ստեղծել հարձակումը զարգացնելու Խարկովի, Դոնբասի և Հյուսիսային Կովկասի ուղղություններով։ Նոյեմբերի 19-ին Հարավարևմտյան և Դոնի, նոյեմբերի 20-ին՝ Ստալինգրադյան ռազմաճակատների զորքերը հակահարձակման անցան Ստալինգրադի մոտ։ Թշնամու պաշտպանությունը ճեղքվեց։ Նոյեմբերի 23-ին Կալաչ քաղաքի մոտ թշնամու (22 դիվիզիա և 160 առանձին զորամասեր, ընդհանուր թվով 330 հազար մարդ) պաշարման օղակը սեղմվեց։ Դեկտեմբերին խորհրդային զորքերը Դոնի միջին հոսանքում ջախջախեցին 8-րդ իտալական բանակը և 3-րդ ռումինական բանակի մի մասը։ Ճակատամարտը Վոլգայի վրա ավարտվեց պաշարված գերմանաֆաշիստական զորքերի ջախջախումով, որն իրականացրին Դոնի ռազմաճակատի զորքերը 1943 թվականի հունվարի 10 - փետրվարի 2-ին։ Ստալինգրադի ճակատամարտում թշնամին կորցրեց 1,5 մլն մարդ։ Շնորհիվ մեծագույն հաղթանակի վերջնականապես ստրատեգիական նախաձեռնությունն անցավ կարմիր բանակին, որը հնարավորություն ստացավ անցնելու ընդհանուր հարձակման և մեր երկրից թշնամու զանգվածային վտարման։ Հաղթական ճակատամարտը արմատական բեկում մտցրեց ամբողջ պատերազմի ընթացքի մեջ և ունեցավ խոշորագույն միջազգային նշանակություն։ 1943 թվականի հունվարին խորհրդային զորքերը հարձակման անցան Կովկասի ուղղությամբ և ապրիլին ազատագրեցին Հյուսիսային Կովկասի մեծ մասը։ Շարունակվեց խորհրդային բանակի հարձակումը Վերին Դոնի, Կուրսկի, Խարկովի ուղղություններով։ Փետրվարի 8-ին ազատագրվեց Կուրսկը, փետրվարի 9-ին՝ Բելգորոդը, փետրվարի 16-ին՝ Խարկովը, որը, սակայն, թշնամին վերագրավեց։ Խարկովի համար մղված մարտերում խորհրդային զորքերի հետ հերոսաբար մարտնչեց Չեխոսլովակիայի 1-ին առանձին գումարտակը Լյուդվիկ Սվոբոդայի հրամանատարությամբ։ Հունվարի 12-ին անցնելով հակահարձակման՝ Լենինգրադյան և Վոլխովյան ռազմաճակատների զորքերը ճեղքեցին Լենինգրադի շրջափակումը, որը ունեցավ ռազմաստրատեգիական մեծ նշանակություն։
1942-43 թվականների ձմռանը թշնամին կորցրեց 1,7 մլն մարդ։ Միայն 1943 թվականի ձմռանը ֆաշիստական բանակը կորցրել է
270000 զինվոր: Չնայած ձմռանը կրած պարտությանը Գերմանիան դեռևս ուներ ռազմական մեծ հզորություն։ 1943 թվականի ամռանը ֆաշիստները կարողացան սովետա-գերմանական ճակատում կենտրոնացնել ավելի քան 5,3 մլն մարդ։ Ֆաշիստական բլոկի փլուզումը կանխելու նպատակով գերմանաֆաշիստական հրամանատարությունը 1943 թվականի ամռանը Կուրսկի ելուստի շրջանում ձեռնարկեց «Ցիտադել» օպերացիան՝ նպատակ ունենալով նորից վտանգ ստեղծել Մոսկվայի համար, ինչպես նաև վերսկսել հարձակումը Լենինգրադի վրա։ Կուրսկի ուղղությամբ հակառակորդը կենտրոնացրեց 50 դիվիզիա։ 1943 թվականի ամռանը խորհրդային զինված ուժերը ստացան նշանակալի համալրում, հատկապես ռազմական տեխնիկա և զենք, գործող բանակում հաշվվում էր 6,6 մլն մարդ։ Խորհրդային բանակը պատրաստվում էր ամռանը սկսել ընդհանուր հակահարձակում։ ԳԳՀՌ ժամանակին բացահայտելով գերմանաֆաշիստական հրամանատարության մտադրությունը, վճռեց Կուրսկի ելուստի շրջանում համառ պաշտպանությամբ հյուծել թշնամու հարվածային խմբավորումները և վճռական հակահարձակումով ավարտել նրա ջախջախումը։ Թշնամին հարձակումը սկսեց հուլիսի 5-ի։ Հուլիսի 12-ին հակահարձակման անցան խորհրդային զորքերը Օրյոլի, իսկ օգոստոսի 3-ին՝ Բելգորոդ-Խարկովի ուղղությամբ։ Օգոստոսի 5-ին ազատագրվեցին Օրյոլը և Բելգորոդը, օգոստոսի 23-ին՝ Խարկովը։ Խորհրդային զորքերի փայլուն հաղթանակը Կուրսկի ճակատամարտում նշանակում էր ֆաշիստների հարձակողական ստրատեգիայի վերջնական ձախողում․ 50 օրվա անընդհատ մարտերում ջախջախվեց թշնամու 30 դիվիզիա, կորուստն ավելի քան կես միլիոն մարդ էր։ Կուրսկի մոտ տարած հաղթանակի շնորհիվ խորհրդային զորքերը անցան ընդհանուր հարձակման 2 հազար կմ ճակատով՝ Վելիկիե Լուկիից մինչև Սև ծով։ Սմոլենսկի օպերացիայի հետևանքով սեպտեմբերի 25-ին ազատագրվեց Սմոլենսկը, սեպտեմբերի 17-ին՝ Բրյանսկը, գետանցեցին Սոժը։ Սկսվեց Ձախափնյա Ուկրաինայի ազատագրումը։ 1943 թվականի սեպտեբերի
21-30-ին խորհրդային զորքերը դուրս եկան Դնեպր, 700 կմ գոտով գետանցեցին այն, գրավեցին Կիևից հյուսիս և հարավ մի շարք հենակետեր։ Միաժամանակ Հարավարևմտյան և Հարավային ռազմաճակատների զորքերը ազատագրեցին Դոնբասը, իսկ Հյուիսասյին Կովկասյան ռազմաճակատի զորքերը (Սևծովյան նավատորմի հետ փոխգործողություններով)՝ Թամանի թերակղզին և դուրս եկան Կերչի նեղուց։ 1943 թվականի հոկտեմբերի 20-ին Վորոնեժի, Տափաստանային, Հարավարևմտյան և Հարավային ռազմաճակատները վերանվանվեցին համապատասխանաբար՝ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ Ուկրաինական ռազմաճակատներ, իսկ կենտրոնականը՝ Բելոռուսական։ 1943 թվականի նոյեմբերի
6-ին 1-ին
Ուկրաինական ռազմաճակատի
զորքերը ազատագրեցին
Կիևը։
1942 թվականի նոյեմբեր
- 1943 թվականի դեկտեմբերին խորհրդային
զորքերը մարտերով
անցան 500-1300 կմ և
ազատագրեցին թշնամու
օկուպացրած տարածքի
գրեթե կեսը։
Խորհրդային զորքերը
այդ ընթացքում
ջախջախեցին ԽՍՀՄ-ի դեմ
գործող թշնամու
266 դիվիզիաներից 218-ը։ Դա
արմատական բեկում
էր, որը
կտրականապես փոխեց
դրությունը միջազգային
ասպարեզում և
վճռական ազդեցություն
ունեցավ Երկրորդ
համաշխարհային պատերազմի
ելքի վրա։
Խոշոր հաջողություններ ունեցավ
խորհրդային էկոնոմիկան,
ԽՍՀՄ ընդհանուր
տնտեսական և
ռազմական առավելության
հասավ Գերմանիայի
նկատմամբ։ Ազատագրված
շրջաններում սկիզբ
դրվեց ժողովրդական
տնտեսության վերականգնման։ Խորհրդային
զենքի հաղթանակների
ազդեցությամբ ուժեղացավ
հակաֆաշիստական շարժումը
օկուպացված երկրներում,
ակտիվացան Դիմադրության
շարժումը և
ընդհատակյա խմբերը։
Խորացավ ճգնաժամը
ֆաշիստական խմբավորման
ներսում, և
ամրապնդվեց հակաֆաշիստական կոալիցիան։
Որոշվեց 1944 թվականին բացել
երկրորդ ճակատը։
Երրորդ շրջան (1944 թվականի հունվար - 1945 թվականի մայիսի 9)
1944 թվականի սկզբին ֆաշիստական Գերմանիան պատերազմը վարելու համար ուներ դեռես նշանակալի հնարավորություններ՝ մարտունակ բանակ, 10 մլն-ից ավելի մարդ, կարող էր զինել մարտական տեխնիկայով 225 հետևակային և 45 տանկային դիվիզիա։ Սովետա-գերմանական ճակատում գործող բանակում կար 4․906 հազար մարդ։ 1944 թվականի սկզբին խորհրդային բանակում կար 6,3 մլն մարդ։
1944 թվականից սկսվեց Աջափնյա Ուկրաինայի ազատագրումը, որի ընթացքում իրագործվեցին մի շարք օպերացիաներ, ջախջախվեցին գերմանական «Հարավ» և «Ա» բանակախմբերը։ Խորհրդային զորքերը դուրս եկան պետական սահման՝ Կարպատների նախալեռներ և Ռումինիա։ Միաժամանակ հարձակում էին գործում Լենինգրադի և Նովգորոդի մոտ (1944 թվականի հունվարի 1-մարտի 1), որի ընթացքում Լենինգրադյան, Վոլխովյան ռազմաճակատների զորքերը Բալթիական նավատորմի, հեռավոր գործողության ավիացիայի, պարտիզանների գործողությունների շնորհիվ պարտության մատնեցին թշնամու «Հյուսիս» բանակախումբը, խորհրդային զորքերն առաջացան 220-280 կմ, ազատագրեցին Լենինգրադի մարզը և Կալինինի մարզի մի մասը։ Լենինգրադը վերջնականապես ազատագրվեց թշնամու շրջափակումից։ Հարավում իրականացվեց Ղրիմի օպերացիա 1944-ը և ազատագրվեց Ղրիմը։ 1943-44 թվականներիի ձմեռային կամպանիայի ժամանակ գլխովին ջախջախվեցին թշնամու 30 դիվիզիա և 6 բրիգադ, ընդհանուր կորուստն էր ավելի քան 1 մլն մարդ։ Խորհրդային զորքերը ֆաշիստական օկուպացիայից ազատագրեցին շուրջ 300 հազար կմ2 խորհրդային տարածք։
Խորհրդային զենքի հաջողությունները ցույց տվեցին, որ ԽՍՀՄ ի վիճակի է սեփական ուժերով ոչ միայն երկրից վտարել թշնամուն, այլև ֆաշիստական ստրկությունից ազատել Եվրոպայի ժողովուրդներին և ավարտել հիտլերյան բանակների ջախջախումը։ Դա հարկադրեց ԱՄՆ-ի ն և Մեծ Բրիտանիային բացել երկրորդ ճակատը հունիսի 6-ին ամերիկյան և անգլիական զորքերը ափ ելան Ֆրանսիայում։ Չնայած դրան, նախկինի նման, սովետա-գերմանական ճակատը շարունակում էր մնալ վճռականը։ 1944 թվականի ամռանը նախատեսվում էր գլխավոր հարվածը հասցնել սովետա-գերմանական ճակատի կենտրոնական մասում՝ Բելոռուսիայում։ Հունիսին Լենինգրադյան և Կարելական ռազմաճակատների զորքերը՝ Բալթիական նավատորմի հետ փոխգործողություններով, ճեղքեցին թշնամու ամուր պաշտպանությունը, դուրս եկան Ֆինլանդիայի հետ ԽՍՀՄ պետական սահման և պայմաններ ստեղծեցին պատերազմից Ֆինլանդիայի դուրս գալու համար։ Հունիսի 23-24-ին սկսվեց 1-ին Մերձբալթյան, 3-րդ, 2-րդ և 1-ին Բելոռուսական ռազմաճակատների զորքերի հարձակումը՝ Դնեպրյան ռազմական նավատորմիղի ու Բելոռուսիայի պարտիզանների ակտիվ մասնակցությամբ (Բելոռուսական օպերացիան խոշորագույնն էր 1944 թվականին)։ Խորհրդային զորքերը հարձակումը ծավալեցին Վիտեբսկի, Օրշայի, Մոգիլյովի, Բոբրույսկի ուղղություններով, ճեղքեցին թշնամու պաշտպանությունը 500 կմ ճակատով, ոչնչացրին գերմանաֆաշիստական զորքերի խոշոր խմբավորումներ, հուլիսի 3-ին ազատագրեցին Մինսկը, շրշապատեցին և ոչնչացրին թշնամու 105 հազարանոց խմբավորումը։ Օգոստոս-սեպտեմբերին խորհրդային զորքերը դուրս եկան Վիսլա գետի շրշանը, ազատագրեցին Վարշավայի արվարձան Պրագան, մոտեցան Արևելյան Պրուսիայի սահմանին։ Բելոռուսական օպերացիայի ընթացքում ջախջախվեց գերմանաֆաշիստական առավել ուժեղ «Կենտրոն» բանակախումբը, ազատագրվեցին Բելոռուսիան, Լիտվայի և Լատվիայի մեծ մասը, Լեհաստանի արևելյան մասը։ Հուլիսի 10-14-ին սկսվեց Մերձբալթյան օպերացիա 1944-ը, հուլիս-օգոստոսին ազատագրվեց Մերձբալթիկայի արևելյան մասը։ Հուլիսի 13 - օգոստոսի 29-ին 1-ին Ուկրաինական ռազմաճակատի զորքերը ջախջախեցին «Հյուսիսային Ուկրաինա» ֆաշիստական բանակախումբը և ազատագրեցին Լվովը, Ուկրաինայի արևմտյան շրջանները, Լեհաստանի հարավարևելյան մասը, դուրս եկան Վիսլա-Սանդոմիրի շրջան և գրավեցին կարևոր հենակետեր։
Օգոստոսի վերջին Սլովակիայում բռնկվեց ապստամբություն։ Խորհրդային բանակը օգնեց ապստամբներին։ 1-ին Չեխոսլովակյան բանակային կորպուսի (հրամանատար՝ գեներել Լյուդվիկ Սվոբոդա) հետ հաղթահարեցին Կարպատները և ազատագրեցին Չեխոսլովակիայի տարածքի մի մասը։ Օգոստոս-սեպտեմբերին 2-րդ և 3-րդ Ուկրաինական ռազմաճակատների զորքերը՝ Սևծովյան, Դանուբյան նավատորմների համատեղ գործողություններով և հեռավոր գործողության ավիացիայի աջակցությամբ, իրականացրին Յասսի-Քիշնևյան օպերացիան, շրջապատեցին և ոչնչացրին «Հարավային Ուկրաինա» ֆաշիստական բանակախմբի հիմնական ուժերը։ Ավարտվեց Մոլդավիայի ազատագրումը։ Խորհրդային զորքերի սրընթաց հարձակման պայմաններում ռումինական ժողովրդական հայրենասիրական ուժերը՝ Ռումինիայի կոմկուսի ղեկավարությամբ օգոստոսի 23-ին տապալեցին Յոն Անտոնեսկուի ֆաշիստական վարչակարգը։ Ռումինիան մտավ պատերազմի մեջ ընդդեմ Գերմանիայի։ Ռումինական զորքերը միացան խորհրդային զորքերին, որոնք զարգացնելով հարձակումը ավարտեցին Ռումինիայի ազատագրումը։ Սեպտեմբերի 8-ին 3-րդ Ուկրաինական ռազմաճակատի զորքերն անցան ռումինա-բուլղարական սահմանը։ Սեպտեմբերի 9-ին բուլղարական կոմկուսի ղեկավարությամբ Սոֆիայում բարձրացավ ժողովրդական ապստամբություն։ Իշխանության գլուխ անցավ Ազգային ճակատի կառավարությունը, որը պատերազմ հայտարարեց ֆաշիստական Գերմանիային։ «Հարավային Ուկրաինա» ֆաշիստական բանակախմբի ջախջախումից հետո պայմաններ ստեղծվեցին Հունգարիայի, Հարավսլավիայի և Չեխոսլովակիայի ազատագրման համար։
1944 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին ԽՍՀՄ-ի տարածքում գերմանական օկուպացիայից ազատագրվեց Մերձբալթիկան (բացառությամբ Լատվիայի ԽՍՀ մի փոքր մասի)։ Գերմանական «Հյուսիս» բանակախումբը ծանր պարտություն կրեց (59 միավորումից 29-ը ջախջախվեց, մնացածը մեկուսացվեց Կուռլանդիայում՝ Լատվիայի արևմտյան մասում)։ Շարունակվում էր խորհրդային զորքերի հարձակումը հարավում։ 1944 թվականի հոկտեմբերի վերջին ազատագրվեց Անդրկարպատյան Ուկրաինան, Հունգարիայի արևելյան մասը։ 3-րդ Ուկրաինական ռազմաճակատի զորքերը Հարավսլավիայի ժողովրդական-ազատագրական բանակի և բուլղարական զորքերի հետ ջախջախեցին թշնամու խոշոր խմբավորում և հոկտեմբերի 20-ին ազատագրեցին Բելգրադը։ 2-րդ Ուկրաինական (հոկտեմբերի 29-ից) և 3-րդ Ուկրաինական (դեկտեմբերի 12-ից) ռազմաճակատների զորքերը հարձակում ծավալեցին Հունգարիայի տարածքում։ 1944 թվականի դեկտեմբերի 28-ին Հունգարիայի Ազգային կառավարությունը պատերազմ հայտարարեց ֆաշիստական Գերմանիային։ Խորհրդային բանակի հաղթարշավը հնարավորություն տվեց ալբան ժողովրդին ազատագրելու իր երկիրը ֆաշիստական օկուպացիայից։ Հոկտեմբերի 7 - նոյեմբերի 1-ին խորհրդային զորքերը ազատագրեցին խորհրդային Անդրբևեռաշրջանը և Նորվեգիայի հյուսիսային շրջանները։ Խորհրդային զենքի հաղթանակները 1944 թվականին ունեցան քաղաքական և ռազմական մեծ նշանակություն։ Գրեթե ամբողջությամբ ազատագրվեց ԽՍՀՄ տարածքը (բացառությամբ Լատվիայի ԽՍՀ հյուսիսարևմտյան մասի), և վերականգնվեց խորհրդային պետական սահմանը Բարենցի ծովից մինչև Սև ծով։ 1944 թվականին ազատագրվեց 906 հազար կմ2 խորհրդային տարածք։ Թշնամու ընդհանուր կորուստը կազմեց 1,6 մլն մարդ, 6700 տանկ, ավելի քան 12 հազար ինքնաթիռ։ Ֆաշիստական Գերմանիան զրկվեց համարյա բոլոր դաշնակիցներից և քաղաքականապես լրիվ մեկուսացավ։ Խորհրդային բանակը մարտական գործողությունները տեղափոխեց ԽՍՀՄ սահմաններից դուրս և սկսվեց նրա ազատագրական միսիան։
1945 թվականի սկզբին գերմանաֆաշիստական հրամանատարությունը շարունակում էր պատերազմը երկու ճակատով, սակայն գլխավոր ուժերը պահում էր սովետա-գերմանական ճակատում (169 դիվիզիա և 20 բրիգադ, ընդհանուր 3,7 մլն մարդ)։ Խորհրդային գործող բանակում հաշվվում էր շուրջ 6 մլն մարդ։ Խորհրդային ռազմաճակատների կազմում կռվում էին լեհական, չեխական, ռումինական և բուլղարական զորքեր։ Խորհրդային զորքերը նշանակալիորեն գերազանցում էին թշնամուն և՛ ուժով, և՛ ռազմական միջոցներով։ Խորհրդային զինված ուժերի վճռական հաղթանակները նպաստեցին 1945 թվականին տեղ ունեցած Ղրիմի կոնֆերանսի հաջողությանը։ 1945 թվականի փետրվարին Յալթայում հանդիպեցին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Անգլիայի կառավարությունների ղեկավարները, որոնք համաձայնեցրին դաշնակիցների ռազմական ծրագրերը ֆաշիստական Գերմանիայի վերջնական ջախջախման գործում։
1945 թվականին ԳԳՀՌ խորհրդային զինված ուժերի առջև խնդիր դրեց ավարտել ֆաշիստական Գերմանիայի զինված ուժերի ջախջախումը և օգնություն ցույց տալ Կենտրոնական ու Հարավարևելյան Եվրոպայի երկրներին ֆաշիստական լծից ազատագրվելու գործում։ Նախատեսվում էր խորհրդային զորքերի հարձակումը սկսել 1945 թվականի հունվարի 20-ին։ Սակայն գերմանաֆաշիստական զորքերի կողմից Արդեններում նեղված դաշնակիցներին օգնելու նպատակով սովետա-գերմանական ճակատում հարձակումը սկսվեց հունվարի 12-14-ին՝ Արևելյան Պրուսիայում և Լեհաստանում։ Գերմանական հրամանատարությունը հարկադրված ուժերի մեծ մասը արևմուտքից տեղափոխեց սովետա-գերմանական ճակատ։ 1945 թվականի փետրվար-ապրիլին Քյոնիգսբերգի և Զեմլանդական օպերացիաներում ջախջախվեցին թշնամու խոշոր խմբավորումներ։ Լեհաստանում խորհրդային զորքերը օգտագործելով Վիսլա գետի վրա 1944 թվականին գրաված հենակետը, ճեղքեցին թշնամու պաշտպանությունը 500 կմ ճակատով և սրընթաց առաջանալով դուրս եկան Օդեր գետը (հարձակման գիծը հասցնելով 1000 կմ), սրընթաց գետանցեցին այն և գրավեցին մի քանի հենակետեր։ Լեհաստանում ջախջախվեցին «Կենտրոն» բանակախմբի գլխավոր ուժերը (35 դիվիզիա), ազատագրվեց գրեթե ամբողջ Լեհաստանը և Չեխոսլովակիայի մի մասը։ 1-ին Բելոռուսական ռազմաճակատի զորքերը հայտնվեցին Բեռլինից 60 կմ վրա։ Փետրվար-ապրիլին 2-րդ և 1-ին Բելոռուսական ռազմաճակատների զորքերը, ջախջախելով «Վիսլա» բանակախումբը, լայն ճակատով դուրս եկան Բալթիկ ծով։ Բալթիական նավատորմը ազատ գործելու մեծ հնարավորություն ստացավ։ Միաժամանակ 1-ին Ուկրաինական ռազմաճակատի զորքերը դուրս եկան Նայսե գետի շրջանը, գրավեցին հարմար հենակետեր Բեռլինի և Դրեզդենի վրա հարձակվելու համար։ 2-րդ և 3-րդ Ուկրաինական ռազմաճակատների զորքերը ազատագրեցին Բուդապեշտը։ Ապրիլի 13-ին ազատագրվեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան։ Խորհրդային զորքերը պատրաստվեցին վերջին գրոհին՝ Բեռլինի գրավմանը։ 1-ին և 2-րդ Բելոռուսական, 1-ին Ուկրաինական ռազմաճակատների զորքերը, Լեհական զորքի 1-ին և 2-րդ բանակների մասնակցությամբ, ապրիլի 16-ին սկսեցին հարձակումը Բեռլինի վրա։ Ճեղքելով Օդերի և Նայսեի շրջանում թշնամու դիմադրությունը, 1-ին Բելոռուսական, 1-ին Ուկրաինական ռազմաճակատների զորքերը ապրիլի 24-25-ին միացան Բեռլինից արևմուտք ընկած շրջանում։ Թշնամու զորքը ոչ միայն շրջապատվեց, այլև կիսվեց։ 1-ին Ուկրաինական ռազմաճակատի 5-րդ գվարդիական բանակի առաջապահ զորքերը ապրիլի 25-ին Էլբայի վրա հանդիպեցին 1-ին ամերերիկյան բանակի հետ։ Ապրիլի 30-ին խորհրդային զորքերը գրոհով վերցրին ռայխստագը և հաղթանակի դրոշը բարձրացրին (սերժանտներ Մ․ Ա․ Եգորովը և Մ․ Վ․ Կանտարիան) նրա վրա։ Մայիսի 2-ին հանձնվեցին Բեռլինի կայազորի մնացորդները։ Բեռլինի օպերացիայի ընթացքում խորհրդային զորքերը ջախջախեցին թշնամու 93 դիվիզիա, գերեցին մոտ 480 հազար մարդ։ 1945 թվականի մայիսի 8-ին Բեռլինի Կարլհորստ արվարձանում ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։ Մայիսի 8-9-ին խորհրդային զորքերը օգնության հասան Պրահայի ապստամբ բնակչությանը և կոտրելով հիտլերականների դիմադրությունը, ազատագրեցին քաղաքը։
Ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակը կանխորոշեց երկրորդ համաշխարհային պատերազմի վերջը։ Հակաֆաշիստական կոալիցիայի երկրները հնարավորություն ստացան կենտրոնացնելու ուժերը ճապոնական ագրեսիայի դեմ պայքարելու համար։ Ճապոնական Կվանտունյան բանակը (ավելի քան 1 մլն մարդ) գտնվում էր Հյուսիսարևելյան Չինաստանում և Կորեայում։ Ճապոնիայի դեմ ԽՍՀՄ-ի պատերազմի մեջ մտնելը որոշված էր Ղրիմի կոնֆերանսում։ 1945 թվականի օգոստոսի 8-ին ԽՍՀՄ պատերազմ հայտարարեց Ճապոնիային։ Ռազմական գործողությունները սկսվեցին օգոստոսի 8-ի գիշերը։ Հարձակումը ընթանում էր ավելի քան 5 հազար կմ ճակատով։ Օգոստոսի 20-ին Կվանտունյան բանակն ամբողջովին ջախջախվեց։ Խորհրդային բանակը ազատագրեց Հյուսիսարևելյան Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Հարավային Սախալինը, Կուրիլյան կղզիները։ 1945 թվականի սեպտեմբերի 2-ին Ճապոնիան ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը։
Հայրենական մեծ պատերազմ
Reviewed by Zhora aslanyan
on
March 30, 2017
Rating:
No comments: